Back to Blog
Jul 23, 2026

Ինքնավստահության պարադոքսը. ինչու՞ են քիչ գիտելիք ունեցողները հաճախ ավելի վստահ

Ինքնավստահության պարադոքսը. 

ինչու՞ են քիչ գիտելիք ունեցողները հաճախ ավելի վստահ

«Աշխարհի ամբողջ խնդիրն այն է, որ հիմարներն ու մոլեռանդները միշտ շատ վստահ են իրենց վրա, իսկ ավելի իմաստուն մարդիկ լի են կասկածներով»։ - Բերտրան Ռասել

Մենք շատ հաճախ շփոթում ենք ինքնավստահությունը կարողության և բանիմացության հետ։ Սակայն ինքնավստահությունը միշտ չէ, որ գիտելիքի արդյունք է․ երբեմն այն նշան է՝ չիմացությունը գիտակցելու պակասի։

Պատկերացրեք՝ Դուք և Ձեր ընկերը սկսում եք իսպաներեն սովորել։ Մի քանի օր անց Դուք կարողանում եք կազմել պարզ նախադասություններ։ Դա առաջընթաց է, բայց ոչ տպավորիչ։ Ձեզ թվում է՝ արդեն պետք է ավելի լավ տիրապետեիք լեզվին։ Ձեր ընկերը, մինչդեռ, գիտի ընդամենը մի քանի արտահայտություն, բայց առանց վարանելու «նետվում է» խոսակցությունների մեջ՝ ներկայանալով որպես «իսպաներեն խոսող»։ Դուք կասկածի տակ եք դնում Ձեր կարողությունները, որովհետև տեսնում եք բարդությունը։ Նա չի տատանվում, որովհետև նույնիսկ չի գիտակցում, որ այդ բարդությունն ընդհանրապես գոյություն ունի։ Մեկին պակասում են գիտելիքները, մյուսին՝ այն գիտակցումը, որ ինչ-որ բան չի գիտի։

Ի՞նչ է այս երևույթը

1999 թվականին սոցիալական հոգեբաններ Դեյվիդ Դանինգի և Ջասթին Կրյուգերի կողմից առաջին անգամ նկարագրված «Դանինգ- Կրյուգերի էֆեկտը» ներկայացնում է մի կայուն օրինաչափություն․ քիչ գիտելիք կամ հմտություններ ունեցող մարդիկ հակված են գերագնահատել իրենց կարողությունները, մինչդեռ ավելի հմուտները հաճախ թերագնահատում են իրենցը։

Այլ կերպ ասած․

  •  Որքան քիչ գիտենք, այնքան ավելի ինքնավստահ ենք մեզ զգում

  •  Որքան շատ գիտենք, այնքան ավելի գիտակցում ենք, թե որքան բան չգիտենք։

Լավ արդյունք ցույց տալու համար անհրաժեշտ հմտությունները հաճախ նույնն են, ինչ պետք են սեփական կատարողականը գնահատելու համար։ Եթե այդ հմտությունները բացակայում են, ապա բացակայում է նաև ինքներդ ձեզ գնահատելու ներքին հենակետը։ Երբ այդ հմտությունները բացակայում են, մենք ոչ միայն սխալներ ենք թույլ տալիս, այլև չենք գիտակցում դրանք։ Եվ դա թչ թե մեծամտություն է, այլ ճշգրտությունը գնահատելու համար կարողության պակաս։

Հետաքրքիր է, որ փորձագետների դեպքում այս էֆեկտը գործում է հակառակ ուղղությամբ։
Երբ ինչ-որ բան նրանց համար հեշտ է թվում, նրանք կարող են ենթադրել, որ դա հեշտ է նաև մյուսների համար և թերագնահատել իրենց սեփական կարողությունները (օր․՝ ես իսպաներեն լավ գիտեմ, բայց միայն ես չէ, որ լավ գիտեմ իսպաներեն)։

Արդյունքում, նրանք հաճախ ավելի շգույշ են, կասկածներ են արտահայտում։

Կիրառելիությունը կազմակերպչական հոգեբանության մեջ

Կազմակերպություններում այս դինամիկան շատ ավելի ակնհայտ է դառնում։ Այն ձևավորում է քննարկումների ընթացքը և որոշումների կայացումը։ Աշխատանքային միջավայրերում շատ տարածված է՝ ինքնավստահությունը ընկալել որպես բանիմացություն։

Արդյունքում, ժողովները հաճախ ընթանում են կանխատեսելի օրինաչափությամբ․

  • առավել ինքնավստահը առաջինն է խոսում,

  • նա սահմանում է քննարկման շրջանակն ու ուղղությունը,

  • մյուսները հարմարվում են կամ լռում։

Ինքնավստահությունն ավելի արագ է լցնում սենյակը, քան փորձագիտությունը երբևէ կհասցնի։

Միևնույն ժամանակ, ավելի փորձառու աշխատակիցները հաճախ տեսնում են այն նրբությունները և ռիսկերը, որոնք մյուսները չեն նկատում կամ գիտակցում։ Նրանք խուսափում են հարցը չափազանց հեշտ դարձնելուց, խոսում են ավելի զգուշորեն կամ երբեմն ընդհանրապես դուրս են մնում քննարկումից։

Արդյունքում, ավելի տեղեկացված ու փորձառու տեսակետները հաճախ մնում են չարտահայտված։ Սա ստեղծում է թեև թեթևակի, բայց կարևոր անհավասարակշռություն․
որոշումները միշտ չէ, որ պայմանավորված են կարողությամբ․ երբեմն դրանք «վստահության» տպավորության արդյունքում են կայացվում։

Ինչպե՞ս խուսափել այս ծուղակից

Բոլորս էլ ունենք «կույր գոտիներ»՝ ոլորտներ, որտեղ կարծում ենք, թե ավելին գիտենք, քան իրականում գիտենք։ 

Ինքնավստահությանը վերաբերվեք որպես նախազգուշացնող նշանի, այլ ոչ թե «կանաչ լույսի»։
Երբ ինչ-որ բան անմիջապես ակնհայտ ու հեշտ է թվում, գուցե ամեն բան չէ, որ գիտեք կամ ամեն բան հաշվի չեք առել։ Եթե մի բարդ հարցի շուրջ լիովին վստահ եք, կանգ առեք և ինքներդ ձեզ հարցրեք․ «Ի՞նչ կարող եմ բաց թողած լինել։ Ի՞նչը կարող է հակասել այս տեսակետին»։

Եվ ամենակարևորը․ փնտրեք հետադարձ կապ, որը ոչ թե կհաստատի ձեր մտածելակերպը, այլ այն կդնի հարցականի տակ։ Ոչ թե՝ «Սա լա՞վ է», այլ՝ «Որտե՞ղ հնարավոր սխալ կա»։

Որովհետև վտանգը միայն այն չէ, որ մենք սխալվում ենք, այլև այն, որ հաճախ չենք գիտակցում մեր սխալները։

Եզրափակիչ միտք

Իրական կարողությունը/ փորձագիտությունը տարբերվում է վաղաժամ ինքնավստահությունից։ Այն ներառում է կասկած, մանրամասներ և հարցեր։

Որովհետև Դանինգ-Կրյուգերի էֆեկտը «ուրիշների» մասին չէ։ Այն բոլորիս մասին է՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ դեռ չենք ձևավորել իրական փորձագիտություն։

Իրական ռիսկը ոչ թե տգիտությունն է, այլ չգիտակցված տգիտությունը։

photo